Ժասմինա Կարապետյան

“Ընտրյալներ” պարային համույթի ստեղծման օրվանից մինչ օրս գեղարվեստական ղեկավար Ժասմինան աշխատում է բարեգործական հիմունքներով: Ժասմինան նրանցից երիտասարդ է, նրանցից ավելի ապահովված, նրանցից հաջողակ. ունի ընտանիք և երեխաներ: Խմբի ստեղծման սկզբում նա կարծում էր, որ թե՛ իր, և թե՛ ծերերի համար այս խումբը կլինի կարճատև զբաղմունք: Սակայն տեսնելով ծերերի մեծ ոգևորությունն ու անկոտրուն կամքը, Ժասմինան մինչ օրս չի կարողացել լքել խումբը: Ավելին, նա արդեն չի պատկերացնում իր առօրյան` առանց ծերերի անկեղծ ուրախության և շնորհակալական հայացքների: Այսպիսով, տարեցների ինքնուս պարային խումբը աստիճանաբար դառնում է մասնագիտացված պարային համույթ: Շատ հաճախ փորձերից հետո, ոչ թե տարեցներն են դահլիճից դուրս գալիս ուժասպառ, այլ ինքը` Ժասմինան, ազդարարում է փորձի ավարտը և ուժասպառ գնում տուն: Իսկ նրանք հակառակը` թռվթռալով, մանկական կայտառությամբ և անվերջ պարելու փորձ անելու ցանկությամբ մի կերպ հրաժեշտ են տալիս և դուրս գալով դահլիճից, փողոցներում` պարելով և երգելով հասնում են մինչև կանգառ: Ինչպես ասում է Ժասմինան. “Առաջին փորձերի ժամանակ, նրանք գրեթե չէին կարողանում շարժվել, բողոքում էին հոդերից, շնչառությունից և շատ այլ հիվանդություններից: Այսօր պարի շնորհիվ նրանք ոչ միայն դարձել են շարժունակ, այլև ազատվել են տարբեր դեղերի կախվածություններից”: