Ալեքսանդր Իրադյան |
Ծնվել է 1990թ.: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, պրոֆ. Ստեփան Ռոստոմյանի դասարանում, ինչպես նաև դիրիժորության բաժնում՝ պրոֆ. Յուրի Դավթյաննի դասարանում: Այժմ ուսանում է Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում, պրոֆ. Ֆիլիպ Ժերարի դասարանում: Ալ. Իրադյանի ստեղծագործությունները կատարվել են Վրաստանում, Ռուսաստանում, Ուզբեկիստանում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլուր: 2011թ. արժանացել Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի առաջին մրցանակի: Աշխատել է կինոռեժիսորներ Արման Երիցյանի, Արամ Շահբազյանի և Տիգրան Շահինյանի հետ: 2014թ. Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում բեմադրվել է Ա. Իրադյանի «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրաման: |
2015թ. ապրիլին Բելգիայի Ազգային նվագախմբի հետ «Քեզ հետ, Հայաստան» համաշխարհային համերգաշարի շրջանակներում հնչեց «ԴՆԹ 15-15» ստեղծագործության պրեմիերան: Ալեքսանդր Իրադյանն աշխատել է դիրիժորներ Ռաշիդ Նիգամատուլլինի, Էդուարդ Թոփչյանի, Ռուբեն Ասատրյանի, Գժեգորժ Նովակի և Ջորջ Փեհլիվանյանի հետ, «Բարս Մեդիա» ընկերության, «Deem communications» ընկերության, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի, Բելգորոդի Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մայամիի Միջազգային համալսարանի երիտասարդական նվագախմբի, ինչպես նաև կատարողներ՝ Վարդան Գասպարյանի, Ելենա Վարդազարյանի, Արմեն-Լևոն Մանասերյանի, հռչակավոր թավջութակար Միշա Մայսկու, ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ: |